Գործնական քերականություն․ ձայնարկություն

Կան բառեր, որոնք արտահայտում են  խոսողի զգացական վերաբեր-
մունքը, ինչպես նաև կոչ, նմանաձայնություն։ Խոսողի զգացական վերաբեր-
մունքը, ինչպես նաև կոչ կամ նմանաձայնություն արտահայտող բառերը կոչվում
են ձայնարկություններ։ Ձայնարկություններ են հետևյալ բառերը՝ վա՜յ, օ՜ֆ, հե՜յ, խը՜շշ և այլն։ Ձայնարկությունները բաժանվում են երեք տեսակի՝ զգացական,
կոչական և նմանաձայնական (կամ բնաձայնական)։
Զգացական են այն ձայնարկությունները, որոնցով խոսողն արտահայտում է
իր զգացական վերաբերմունքը, օրինակ՝ ա՜խ, պա՜հ, ջա՜ն, վա՜խ, ո՜ւխ և այլն։
Կոչական են այն ձայնարկությունները, որոնց միջոցով խոսողը փորձում է
կանչել որևէ մարդու կամ կենդանու կամ էլ հրավիրել նրա ուշադրությունը,
օրինակ՝ է՜յ, էհե՛յ, տո՛, ջո՜ւ-ջո՜ւ, փի՜շտ և այլն։
Նմանաձայնական ձայնարկություններով խոսողը փորձում է արտահայտել
բնության մեջ եղած ձայները, օրինակ՝ խը՜շշ, բը՜զզ, ծի՜վ-ծի՜վ, ճը՜ռռ և այլն։
Ձայնարկությունները նախադասության մյուս բառերից սովորաբար անջատ-
վում են ստորակետով, և նրանց վրա դրվում է բացականչական նշան կամ շեշտ։
Ձայնարկությունների մի մասը բազմիմաստ է։ Օրինակ՝ վա՜յ ձայնարկության
միջոցով խոսողը կարող է արտահայտել զարմանք, ուրախություն, վախ, զայրույթ
և այլն։ Ձայնարկություններից կարող են կազմվել այլ խոսքի մասեր, օրինակ՝
խը՜շշ — խշշալ (բայ) – խշշոց (գոյական) – խշշուն (ածական)։ Ձայնարկությունները
նախադասության անդամ չեն համարվում։

Առաջադրանքներ

1. Տրված նախադասություններում ընդգծի՛ր ձայնարկությունները:
— Փի՜շտ, հեռու գնա ափսեի մոտից:
— Ուխա՛յ, հաճելի է այս ջուրը խմելը:
— Հե՜յ, որտեղ եք:

2. Ձայնարկությունների շարքերի դիմաց գրի՛ր տեսակը, նշի՛ր՝ ինչ են արտահայտում:
Ա.Է՜յ, Էհե՛յ, ծո՜, ա՜, փի՜շտ, տո՜… —
Բ. ա՛խ, վա՛յ, ո՛ւխ, օ՛, օ՛յ, ջա՛ն, պա՛հ… —
Գ.ծի՛վ-ծի՛վ, ծուղրուղո՜ւ,խը՜շշ, բը՛զզ, ճը՛ռռ —

3. Գրի՛ր տրված ձայնարկությունների կազմությունը՝ ա՛խ, վա՛յ, վա՛յ-վա՛յ, հե՜յ, վախ, բը՛զզ, ջա՛ն:

Պարզ-

Բարդ-

4. Կետադրի՛ր նախադասությունները.

1. Այ մարդ ի՞նչ ենք անելու:

2. Հեյ , ուր եք գնում:

3. Օ ինչպե՞ս մինչև հիմա գլխի չէի ընկել:

5․ Գտնե՛լ ձայնարկությունները (առոգանության նշանները
դրված չեն) և խմբավորե՛լ ըստ տեսակների։

Վայ, խշշալ, ձայն տալ, ծուղրուղու, հեյ, հարայ կանչել, ճռռոց, օֆ, քչքչոց,
ծիվ-ծիվ, բզզոց, ախ, վաշ-վիշ, ճռվողյուն, ուխայ, թրըխկ, շրխկոց։

Գործնական քերականություն

1.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Մարդուն իր ամբողջ կյանքում ուղեկցում է ձայնը: Մարդը բացարձակ լռության պայմաններում վատ է զգում. նրան պատում է  երկյուղի ու անհարմարության զգացում: Բացարձակ լռությունը խաթարում է մարդու նյարդային համակարգն այնպես, ինչպես և անվերջ աղմուկը: Որոտը, հրաբուխների ձայնը, ծովային մրրիկները և այլ աղմուկներ անհանգստացնում են մարդուն: Կան բնական աղմուկներ էլ, ինչպես թռթուռների դայլայլը, աղբյուրների կարկաչյունը, ծովի ալիքների համընթաց ճողփյունը, հաճելի են մարդկանց համար, բարերար են ներգործում նրանց նյարդային համակարգի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մարդու առողջությունը: Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը, նյարդահոգեկան հիվանդությունների աճը, ֆիզիկական և մտավոր ընդունակությունների նվազումը:

2․ Երկու տեքստ ստացի՛ր` կետերի փոխարեն գրելով տրված հոմանիշներից նախ առաջինը, ապա` երկրորդը: Ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ամպրոպի ժամանակ եղե՞լ է այնպիսի դեպք (առիթ, դեպք), որ կայծակի վայրկենական (կարճատև, վայրկենական) բոցի (բռնկման, բոցի) լույսով տեսնելու (դիտելու, տեսնելու) աշխույժ փողոցի տեսարանը (տեսարանը, տեսքը): Այդ ժամանակ անշուշտ (անշուշտ, անպայման) նկատած (նկատած, տեսած) կլինեք կայծակի մի տարօրինակ (տարօրինակ, անսովոր) կողմը (առանձնահատկությունը, կողմը), փողոցը քարացած (անշարժացած, քարացած) է թվում, ձիերը կանգ են առել պրկված (պրկված, լարված) դիրքերով` ոտքերը օդում պահած, կառքերը կանգնել են, պարզ երևում է անիվի ամեն մի (յուրաքանչյուր, ամեն մի) ճաղը Այդ թվացյալ (թվացյալ, թվացող) անշարժության պատճառը կայծակի աննշան(աննշան, փոքր) տևողությունն է: Կայծակը, ինչպես ամեն մի էլեկտրական կայծ, չափազանց(չափազանց, շատ) կարճ է տևում, նրա տևողությունը նույնիսկ չի կարելի չափել սովորական եղանակներով (եղանակներով, ձևերով):

3.Տրված արտահայտություններից  յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով․

ա) ուղիղ իմաստով,
 բ) որպես դարձվածք:

Իր մետրով չափել, մազից կախված, այծերը գալ, հացը ցամաք ուտել:

4. Ա շարքի նախածանցներից յուրաքանչյուրը բոլոր հնարավոր ձևերով բաղադրի՛ր Բ շարքի բառերի հետ:

Ա. Հակ, անդր, արտ, համ, նախ, վեր, գեր, տար:

Բ. Կարծիք, դարձնել, գրել, գտնել, հարված, զգեստ, օրոք, դասել:

5.Ընդգծված մասերը նախադասություններից հանի՛ր: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու: Ստացված և տրված նախադասությունների արտահայտած մտքերը համեմատի՛ր:

Արտակը, նա արդեն մի շնորհալի երիտասարդ էր դարձել, հարգալից բարևեց բոլորին ու մոտեցավ հորը:
Հասմիկը, ճի՞շտ եմ հիշում դստերդ անունը, հիմա հավանաբար հասուն օրիորդ է:
Զարմացած երեխան, ինչպե՛ս էին փայլում նրա մեծ-մեծ աչուկները, մոտեցավ արջուկին:
Մագաղաթյա մատյանը (նա բոլորովին չէր սպասում այդպիսի վախճանի) դրված էր սեղանին: